Ծրագրի մեկնարկային հանդիպումը Հայաստանում

16.01.2019
Ծրագրի ընդհանուր նպատակն է շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանության) ոլորտում բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացում:

Ծրագիրը սերտորեն կապված է հետբուհական կրթության և հետազոտական գործունեության հետ`շրջանավարտներին զինելով վերջին գիտելիքներով և գործնական հմտություններով: Բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու համար ծրագրի շրջանակներում ստեղծվում է եզակի միջբուհական կրթական և հետազոտական լաբորատորիա`ՀՀ ԳԱԱ Էկոլոգիանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատոր հենքի վրա, որտեղ ուսանողական նախագծեր, ինչպես նաև տարբեր նախագծեր կիրականացվեն՝ համագործակցելով արտաքին շահառուների հետ: Ավելին, լաբորատորիան հագեցած է ժամանակակից ենթակառուցվածքներով, որը «թույլ է տալիս իրականացնել տարբեր նախագծեր համալսարանների և արտաքին շահառուների շրջանակում»:

Ուսումնական այցեր են կատարվել գործընկեր եվրոպական համալսարաններ. Տուշիայի համալսարան (Իտալիա), Լիսաբոնի տեխնիկական համալսարան (Պորտուգալիա)՝ հեռազննման բաժին (RSC), Երկրի մասին գիտությունների և աշխարհագրության ինստիտուտ, բնական գիտությունների ֆակուլտետ III, Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարան (Գերմանիա), որտեղ ուսումնասիրվել են համապատասխան առարկայական ծրագրերն ու նկարագրությունները, գիտության և կրթության մերձեցման հաջող փորձը:

Գործընկեր երկրների դասախոսական անձնակազմը իրականացնելու է դասավանդվող դասընթացների համեմատական վերլուծություն՝ նպատակ ունենալով այդ դասընթացները մերձեցնել եվրոպական լավագույն փորձին: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է բնապահպանական կրթության SWOT վերլուծություն, որի նպատակն է պարզել Հայաստանում բնապահպանական կրթության պահանջարկը, բացերը, արտաքին հետաքրքրությունները, բնապահպանական կրթության առավելություններն ու թերությունները: Դասընթացները մշակվելու և/կամ արդիականացվելու են հայերեն/վրացերեն և անգլերեն լեզուներով և դասավանդվելու են արդեն 2019-2020թթ.՝ նպաստելով բնապահպանական կրթության միջազգայնացմանը և եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ինտեգրմանը: