IDEALAB է հիմնադրվել Վրաստանի համալսարանում, Թբիլիսի

18.02.2020
Ժամանակակից տեխնոլոգիաները, ինտերնետը, արագ և անսահման տեղեկատվությունը հնարավորություն են ընձեռնում առավել նոր ու անհավանական գաղափարներ իրականացնել:

Այդ նպատակով Վրաստանի համալսարանի Գիտության և տեխնոլոգիայի դպրոցում ստեղծվեց «Idealab»-ը (Գաղափարների լաբորատորիա) ուսանողների և ոչ միայն ուսանողների համար:

«Idealab»-ը տարածություն է, որտեղ բոլոր շահագրգիռ երիտասարդներն ու ուսանողները կարող են գալ իրենց հետաքրքիր գաղափարներով և կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները գաղափարների իրականացման համար: Լաբորատորիան ունի հարմարավետ աշխատանքային տարածք. հագեցած է ժամանակակից սարքավորումներով և էլեկտրոնային ճարտարագիտության սարքերով, ինչպիսիք են՝ 3D տպիչը, լազերային դանակը, CNC մեքենան, օսլիլոսկոպը, ազդանշանային գեներատորները, բազմաչափերը, «Arduino» և «Raspberry» մոդուլները, տարբեր տեսակի սենսորներ:

«Հուսով ենք, որ այստեղ շատ հետաքրքիր նախագծեր կստեղծվեն, ուսանողները կաշխատեն և քայլեր կձեռնարկեն դեպի ապագայի հաջողակ տեխնոլոգիաներ, կարծում ենք, որ այստեղ իրոք դրվելու են ապագա առաջընթացի հիմքերը», -   նշեց ինժեներական բաժնի ղեկավար պրոֆեսոր Իրակլի Նոսելիձեն:

Գիտության և տեխնոլոգիայի դպրոցը սերտ կապեր ունի եվրոպական տարբեր համալսարանների հետ և ակտիվորեն մասնակցում է ԵՄ նախագծերին: Դրանցից մեկը «Էրազմուս+» ֆինանսավորմամբ իրականացվող «MENVIPRO» նախագիծն է:

«Գիտության և տեխնոլոգիայի դպրոցը անընդհատ փորձում է ներդնել և մշակել հետազոտությանն և վերապատրաստմանն ուղղված կարևոր գործողություններ:

Ամենահրատապ և ցավոտ թեմաներից մեկը շրջակա միջավայրի անվտանգությունն ու պաշտպանությունն է: Այդ պատճառով մեր համալսարանը ներգրավված է այս նախագծում, որի հիմնական նպատակը նոր տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումն է շրջակա միջավայրի անվտանգության ապահովման համար: Այս ծրագրի աջակցությամբ մենք ձեռք բերեցինք և կազմակերպեցինք ժամանակակից աշխատանքային տարածք, որտեղ ուսանողները կկարողանան աշխատել իրական նախագծերի վրա`պրակտիկ փորձ ունեցող մենթորների ղեկավարությամբ: Մեր նպատակն է բարձրացնել ուսանողի մասնագիտական մրցունակությունը և հմտությունները ուսումնառության ընթացքում:

«Idealab»-ը, մեր համալսարանի այլ լաբորատորիաների նման, պարտավորություն է ստանձնել ուսանողների համար ապահովել անհրաժեշտ գործիքներ մասնագիտական աճի համար», -  նշում է գիտության և տեխնոլոգիայի դպրոցի դեկան, պրոֆեսոր Կախա Թավզարաշվիլին:

 «Idealab»-ում արդեն իրականացված նախագծերից մեկը «Bionic Hand» պրոթեզավորումն է: Հայտնի է, որ բարձր տեխնոլոգիական ձեռքի կամ ոտքի պրոթեզները, որոնք աշխատում են մարդու ուղեղի կամ մկանների հետ, հարյուր հազարավոր դոլարներ արժեն:

Գիտության և տեխնոլոգիայի դպրոցի ուսանողները ձեռքի պրոթեզ են ստեղծել այն մարդկանց համար, ովքեր կորցրել են նախադաստակը, սակայն երկգլուխ մկանները կամ դաստակի մկանները դեռ աշխատում են: Սկզբունքն այն է, որ եթե մարդու ձեռքին կցված է հատուկ միո թևկապ, նա կարողանում է վերահսկել պրոթեզի մատների դիրքը՝ մկանների ձգման շնորհիվ:
Ավելի կոնկրետ՝ այս պրոթեզը պատրաստվել է 3D տպիչով «Idealab»-ում, ներսում տեղադրված են «Servo» շարժիչները և կառավարման գլխավոր միավորը՝ «Arduino»-ն և «Միո թևկապ»-ը: «Միո» ապարանջանը տեղեկատվություն է փոխանցում «Arduino»-ին, թե որ մկանն է ձգվելու, այնուհետև «Arduino»-ն ակտիվացնում է համապատասխան շարժիչները և մատները թեքվում են: Ի վերջո, սա մի նախագիծ է, որը շատ ավելի էժան է, քան առկա պրոթեզները և հեշտությամբ կարելի է պատրաստել 3D տպիչով:

«Ես ներկայումս երրորդ կուրսի ուսանող եմ և այս ընթացքում համալսարանը թույլ է տալիս աշխատել շատ նախագծերի վրա և զարգացնել իմ գործնական հմտությունները:

Մասնավորապես, ես ուզում եմ աշխատել խելացի անվտանգության համակարգերի վրա, քանի որ հաճախակիացել են հրդեհները և մարդկային զոհերը բնական գազի արտահոսքի պատճառով: Իմ նպատակն է լուծել վերոնշյալ խնդիրները և Գիտության և տեխնոլոգիայի դպրոցը նման հնարավորություն է ընձեռնում: Այլ առկա լաբորատորիաների հետ մեկտեղ, «Idealab»- մեկ այլ վայր է, որտեղ ես կարող եմ լավագույնս կերպով կիրառել իմ ռեսուրսները»,  նշեց էլեկտրոնային և համակարգչային ճարտարագիտության երրորդ կուրսի ուսանող Նոզաձե Նիկան: